Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Դրանք ազատագրված, ոչ թե օկուպացված տարածքներ են»

«Դրանք ազատագրված, ոչ թե օկուպացված տարածքներ են»
20.02.2009 | 00:00

ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն)

-Շուտով լրանալու է Սերժ Սարգսյանի կառավարության մեկ տարին։ Այսօր ինչպիսի՞ իրավիճակ ունենք նախագահական ընտրություններից մեկ տարի անց։
-Որպես իրավիճակի օբյեկտիվ գնահատական, կարող եմ նշել, որ մեր հարևան Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի դրական են դարձել։ Սակայն սահմանի բացումն ու կոմունիկացիաները կարող են կյանքի կոչվել, երբ Հայաստանում շատ լուրջ պայքար ընթանա կոռուպցիայի դեմ, քանի որ կաշառակեր չինովնիկության պայմաններում այդպիսի հարաբերությունների մեջ մտնելն անիմաստ է։ Սրան զուգահեռ, երկրում տեղի են ունենում ցավալի դատավարություններ, և դրանց ընթացքում արդարության բացահայտ ոտնահարումներն էլ բացարձակ անկառավարելի մթնոլորտ են ստեղծել։
-Ասել է` արտաքին ձեռքբերումներ ունենք, իսկ ներքին` ո՞չ։
-Արտաքին քաղաքականության առումով, ինչպես նշեցի, Թուրքիայի հետ հարաբերություններում ձեռքբերում կա։ Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված զարգացումներին դժվարանում եմ գնահատական տալ, որովհետև հանրությունը մեկուսացված է ընթացող գործընթացներից։ Ազատագրված տարածքների հարցում արժե, որ մենք դրսևորենք ավելի ճշգրիտ քաղաքական գիծ, քան մինչ այժմ էր։ Դրանք ազատագրված, այլ ոչ թե օկուպացված տարածքներ են։
-ԵԱՀԿ-ի ներկայացուցիչն էլ կարծում է, թե ահա «ոսկե» պահն է հակամարտության կարգավորման։
-Կարծում եմ` Գորան Լենմարկերը դա ասել է իրականությունից կտրված, որովհետև նախ և առաջ հաշտությունը պետք է կայանա հասարակությունների միջև, ոչ թե անհատների, որքան էլ վերջիններս բարձր պաշտոնյա լինեն։ Կարգավորման տանող քայլեր տեսե՞լ եք, այսինքն` Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև, հնարավոր շփումների մակարդակը մինիմալիզացված է մինչև վերջ։ Այս պայմաններում ուզում եք` Գորան Լենմարկերը, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի նախագահները, Հռոմի պապն էլ հայտարարեն, որ լավ է լինելու, նախ և առաջ պետք է հաշվի առնեն, որ հաշտությունը կայանում է հասարակությունների միջև, և նրանք պետք է գնան փոխզիջումների։ Այս առումով ևս անհասկանալի իրավիճակ է. Ադրբեջանը զիջման ոչ մի տարր բանակցային սեղանի վրա չի դնում։ Ծիծաղելի մոտեցում է` անհնարինը պահանջել` մաքսիմալը ստանալու համար։ Երբ անընդհատ խոսակցություններ են հնչում, թե Հայաստանը պետք է զիջի էսինչ տարածքը, էսինչ ժամանակահատվածում, մեզ շատ հետաքրքիր է` Ադրբեջանը ոչինչ չի՞ զիջելու։ Ինձ ցույց տվեք ցանկացած պատերազմից հետո հրադադարի պայմաններում որևէ բանակցային գործընթացի կողմ, որը հաղթել է և պատրաստ է միակողմանի զիջումների գնալ։ Այսպիսի բան գոյություն չունի։ Ալեքսանդր Մակեդոնացու հռչակավոր նամակը չդառնա. երբ Դարեհը նրան ասում է` փոքրասիական տարածքներից քեզ տարածք կհատկացնեմ, աղջկաս էլ քեզ կնության կտամ, նա հակադարձում է` այդ տարածքները ես արդեն գրավել եմ, իսկ աղջիկդ ու կինդ էլ իմ գերիներն են։ Այսինքն, մ.թ.ա. չորրորդ դարի իրողությունները մինչև հիմա այս մարդկանց ուղեղներին չեն հասել։
-Իսկ երկրի տնտեսական վիճակը մեկ տարի անց ի՞նչ տեղաշարժ է ապրել։
-Բոլորս էլ հասկանում ենք, որ տնտեսական իրավիճակը չի կարող այսօր լավ լինել։ Եթե Հայաստանի նախագահն անգամ բացառիկ հատկանիշներով օժտված գործիչ լիներ, միևնույն է, ֆինանսատնտեսական ճգնաժամի ալիքը, որ Հայաստանը ծածկում է, թույլ չի տալու առաջընթաց գրանցել։ Ինչի՞ց խոսենք, եթե աշխատատեղերի կրճատման գործընթաց է գնում հանրապետությունում։ Նույնիսկ արտասահմանյան ֆիրմաներն այստեղ փակվում են։
-Հայաստանի կառավարության քայլերն այս առումով ինչպե՞ս եք գնահատում։
-Վարչապետի վերջին քայլերը, հատկապես տեղական արտադրողներին որոշ արտոնություններ տրամադրելը, ինչպես նաև դրսից ներդրողներ Հայաստան բերելը, օբյեկտիվորեն դրական եմ գնահատում։ Գոյություն ունի ինտելեկտուալ մոտեցում առկա խնդիրներին, և հուսով եմ, որ սրանք վերջին քայլերը չեն։ Վարչապետը նաև հայտարարությունների մեջ իրեն կոռեկտ է պահում` հասարակությանը խուճապի չմատնելով։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2998

Մեկնաբանություններ